Կադիրովն իրեն Թրամփի հետ է համեմատել
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է սոցիալական ցանցերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաշվի արգելափակումը եւ իրեն համեմատել է Սպիտակ տան ղեկավարի հետ: Նա կարծիքը հայտնել է իր Telegram-ալիքում:
«Հիմա ես ու Թրամփը ինչ-որ առումով նման ենք՝ եթե նախկինում նա արգելափակում էր ինձ սոցիալական ցանցերում, ապա Ամենակարողը վերականգնեց արդարությունը, եւ արդյունքում խռովարար Դոնալդ Թրամփի հաշիվները արգելափակված են»,- գրել է նա:
Կադիրովի խոսքով՝ նման իրավիճակ չէր լինի, եթե Թրամփը հարգանքով վերաբերեր ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին, հայտնում է Lenta-ն:
Ավելի վաղ մի շարք խոշորագույն սոցիալական ցանցեր արգելափակել էին Թրամփի հաշիվը: Բացի այդ, Twitter-ը եւ YouTube-ը արգելափակել էին այն տեսանյութը, որով նա դիմում էր Կապիտոլիումի մոտ գտնվող ցուցարարներին, նրանց հորդորում տուն գնալ եւ պնդում, որ ընտրությունները «գողացել են» իրենից: Ավելի ուշ ամերիկացի առաջնորդի Twitter-ի հաշիվն ապաարգելափակվել էր։
Հունվարի 6-ին հանրապետականների կողմնակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք եւ շրջապատել Սենատի դահլիճը: Սենատը եւ Ներկայացուցիչների պալատը ընդհատել էին նիստը, որի ժամանակ նախատեսվում էր հաստատել վերջին ընտրությունների արդյունքները: Այս տվյալների համաձայն, նախագահական ընտրություններում Բայդենը հաղթել է: Բողոքի ցույցերի ընթացքում հինգ մարդ է սպանվել, ոստիկանությունը բերման է ենթարկել անկարգության մոտ 70 մասնակցի: