Կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի ֆոնին փորձագետները վատթարացրել են Գերմանիայի տնտեսության աճի կանխատեսումը
Կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի ֆոնին առաջատար գերմանացի փորձագետները վատթարացրել են Գերմանիայի տնտեսության աճի կանխատեսումը: Այսպես՝ Տնտեսագիտական հետազոտությունների գերմանական իստիտուտը (DIW) 2021 թվականի Գերմանիայի ՀՆԱ աճի կանխատեսումը նվազեցրել է 5,2-ից մինչեւ 3,5 տոկոսի, հայտնում է Handelsblatt պարբերականը:
«2020 թվականի 4-րդ եռամսյակում բացասական ցուցանիշներից հետո մենք 1-ին եռամսյակում ակնկալում ենք ՀՆԱ-ի կրճատում ավելի քան 2 տոկոսով»,- Handelsblatt-ին ասել է DIW-ի ղեկավար Մարսել Ֆրացշերը: Նրա խոսքով՝ 2-րդ եռամսյակում տնտեսական աճ հնարավոր կլինի, եթե փետրվարին երկրում ավարտվի համավարակի երկրորդ ալիքը եւ չեղարկվի սահմանափակումների մեծամասնությունը: 2020 թվականի նոյեմբերին DIW-ն ակնկալում էր 2021 թվականին 3,7 տոկոսով Գերմանիայի ՀՆԱ-ի աճ:
Տնտեսագիտական հետազոտությունների Մյունխենի ինստիտուտի ղեկավար Կլեմենս Ֆուստը նշել է, որ լոքդաունի հնարավոր երկարաձգումը կդանդաղեցնի Գերմանիայի տնտեսության վերականգնումը: Քիլի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի ղեկավար Գաբրիել Ֆելբերմայրն իր հերթին 2021 թվականին տնտեսական աճ է ակնկալում՝ նշելով, որ դա տեղի կունենա «խիստ անորոշության» պայմաններում:
Միեւնույն ժամանակ, Հանս Բյոքլերի հիմնադրամի մակրոտնտեսության եւ կոնյունկտուրայի հետազոտության ինստիտուտը նշել է թվային տեխնոլոգիաներում, գիտության մեջ եւ կլիմայի պաշտպանության գործում ներդրումների անհրաժեշտությունը: Հակառակ դեպքում գերմանական տնտեսության վերականգնումը կարող է հայտնվել սպառնալիքի տակ, նախազգուշացնում են IMK-ի փորձագետները:
Գերմանիայում դեկտեմբերի 16-ին նախնական մինչեւ հունվարի 10-ը մտցվել է կոշտ լոքդաուն, որի շրջանակում փակ են մանրածախ առեւտրի խանութները, բացառությամբ մթերային խանութների եւ դեղատների, աշակերտներն անցել են հեռավար ուսուցման, իսկ մանկապարտեզներում կազմակերպվել են հերթապահ խմբեր: Սպասվում է, որ սահմանափակումները կերկարացվեն, փոխանցում է DW-ն: