ԱՄՆ արդարադատության նախարարությունը հիասթափված է Ասանժի գործով բրիտանական դատարանի որոշմամբ
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հիասթափված է WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով Լոնդոնի դատարանի որոշմամբ եւ կշարունակի պնդել նրան Միացյալ Նահանգների արտահանձնելու պահանջը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Չնայած մենք հիասթափված ենք վճռով, բայց բավարարված ենք, որ դատարանը հերքել է Ասանժի փաստարկները քաղաքական շարժառիթի, քաղաքական հանցագործության, արդար գործընթացի եւ խոսքի ազատության վերաբերյլալ: Մենք շարունակում ենք պնդել Ասանժին ԱՄՆ արտահանձնելու ուղղությամբ»,-ասել են ԱՄՆ արդարադատության նախարարությունում:
Երկուշաբթի Լոնդոնում դատավոր Վանեսա Բարայթսերը հայտարարել է, որ Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնումը կլինի հակաիրավական, քանի որ աուտիզմով եւ կլինիկական դեպրեսիայով տառապող Ասանժը պատրաստ է ինքնասպանություն գործել, եթե հայտնվի ամերիկյան դատարանում: Դատավորի եզրակացությունները հիմնված են Ասանժի հետ աշխատող հոգեբանների եւ փորձագետների գնահատման հիման վրա:
Ընդ որում՝ դատավորը նշել է, որ Ասանժի նկատմամբ մեղադրանքներն իրավաչափ են: Նա նաեւ ընդգծել է, որ գործողությունները, որոնք կատարելու մեջ մեղադրվում է Ասանժը, չեն կարող համարվել լրագրողական գործունեություն, իսկ ազատ խոսքի սկզբունքը նրան թույլ չի տվել անսահմանափակ հնարավորություններ ունենալ իր հայեցողությամբ հրապարակումների համար: