Տոկիոյում կորոնավիրուսի 816 նոր դեպք է հայտնաբերվել. պրեֆեկտուրաների ղեկավարները կառավարությունից պահանջում են արտակարգ դրության ռեժիմ սահմանել
Այսօր՝ հունվարի 3-ին, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսով հիվանդացության 816 դեպք: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, նշելով, որ մայրաքաղաքի և հարևան պրեֆեկտուրաների կառավարիչները պահանջում են կառավարությունից երկրի ողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ սահմանել՝ դեպքերի վերջին ալիքի դեմ պայքարելու նպատակով:
Նշվում է՝ երկրի վարչապետ Յոսիհիդե Սուգան հակադարձել է երկրորդ արտակարգ դրության ռեժիմի պահանջներին: Ակնկալվում է՝ պաշտոնյան այս առնչությամբ հրապարակային ելույթ կունենա հունվարի 4-ին:
Անդրադառնալով այս թեմային՝ շաբաթ օրը Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ կառավարությունը նման որոշում կայացնելուց առաջ պետք է խորհրդակցի առողջապահության ոլորտի փորձագետների հետ:
Հիշեցնենք՝ Ճապոնիայի կառավարությունը երկրում արտակարգ իրավիճակի ռեժիմ էր մտցրել ապրիլին՝ կորոնավիրուսային համավարակի ավելի վաղ շրջանում:
Հավելենք, որ օրերս ասիական երկրում կորոնավիրուսի դեպքերի շեշտակի ավելացում է նկատվել: Երկրի մայրաքաղաքում դեկտեմբերի 31-ին գրանցվել է հիվանդությամբ վարակվելու 1 337 դեպք, որը Ճապոնիայի համար ռեկորդային ցուցանիշ է: