Ֆլորենցիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով 16-րդ դարից հետո առաջին անգամ «գինու պատուհաններ» են բացվել
16-րդ դարից հետո առաջին անգամ Ֆլորենցիայում կրկին բացվել են «գինու պատուհանները»՝ ասպես կոչված buchette del vino-ները, որտեղ լցնովի ալկոհոլ է վաճառվում: Սրանք նեղ բացվածքներ են դեպի փողոց նայող առանձնատների ճակատներում, որոնք երբեմն գինու շշի ձեւ ունեն, հաղորդում է «Եվրանյուզը»:
Ինչպես հաղորդում է ֆլորենտական Buchette del Vino կազմակերպությունը, որն ուսումնասիրում է «գինու պատուհանները» որպես Տոսկանյան շրջանի ճարտարապետական ժառանգություն, դրանք ժամանակին հայտնի են դարձել լուրջ համաճարակների (օրինակ՝ ժանտախտի) ժամանակ: Նման «պատուհանների» միջոցով առեւտուրը թույլ է տալիս նվազագույնի հասցնել վաճառողի շփումը գնորդի հետ, որն այս տարի արդիական դարձավ COVID-19 կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ժամանակին վաճառողները ստիպված էին գնորդից ստացված մետաղադրամները քացախով մշակել, այսօր վճարումն ընդունվում է քարտով: Բացի գինուց, այժմ «պատուհաններից» կարելի է նաեւ պաղպաղակ գնել:
Buchette del Vino կազմակերպությունը հաշվառում է հինավուրց «գինու պատուհանները», որոնք Ֆլորենցիայում 180-ն են, իսկ Տոսկանայի շրջանում՝ մոտ 100-ը: