«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ նույն հիմնարկի 2 աշխատակցի նկատմամբ սպանության փորձի համար«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ նույն հիմնարկի 2 աշխատակցի նկատմամբ սպանության փորձի համար
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի եւ Անիի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից նույն հիմնարկի երկու աշխատակցի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. հուլիսի 21-ին՝ ժամը 20:30-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասի պատասխանատու հերթապահի օգնականը, քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցների հետ, սահմանված կարգով, բացել են խցի դուռը՝ ներքին կանոնակարգի խախտման պատճառով պատժախցային եւ կարանտինային բաժանմունքի խցում գտնվող դատապարտյալին հասանելիք անկողնային պարագաները հանձնելու նպատակով, եւ առաջարկել նրան վերցնել դռան դիմաց դրված անկողնային պարագաներն ու հագուստները:
Վերջինս, ընդգծելով իր թշնամական վերաբերմունքը քրիստոնյաների հանդեպ, մոտեցել է դռանը եւ իր մոտ պահված ածելիով երկու անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, անսպասելիորեն վնասվածք է պատճառել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկին՝ ձախ բազկի, այնուհետեւ մյուս աշխատակցին՝ դեմքի եւ պարանոցի հատվածներում: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով դատապարտյալը հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հրելով նրան, մտցրել են խուց եւ դուռը փակել, որի ընթացքում վերջինս հնչեցրել է՝ «Ալլահ Ագբար, մահ քրիստոնյաներին, քրիստոնյաների արյունն եմ թափելու, բոլորդ մեռնելու եք» արտահայտությունը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին եւ 13-րդ կետերով:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել դատախազին: