Գամկրելիձեն չի բացառել կորոնավիրուսի նոր շտամի առկայությունը Վրաստանում
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն չի բացառում Վրաստանում կորոնավիրուսի նոր շտամի առկայությունը: Նրա խոսքերով` այժմ Թբիլիսիի մասնագետներն ուսումնասիրում են COVID-19 վարակի մի քանի կասկածելի դեպքեր: Այս մասին գրում է Грузия Онлайн պորտալը:
«Կորոնավիրուսի նոր շտամը դեռ հաստատված չէ: Կան որոշակի տվյալներ, որ նոր շտամը կարող է հաստատվել, բայց հետազոտության համար օրեր են պահանջվում »,-լրագրողների հետ զրույցում ասել է Գամկրելիձեն:
Նրա խոսքերով` միայն Ռիչարդ Լուգարի անվան հանրային առողջության հետազոտությունների կենտրոնը (Լուգարի լաբորատորիա) կարող է հաստատել կորոնավիրուսի նոր շտամը Վրաստանում, քանի որ միայն այնտեղ գենոմի հաջորդականացման հնարավորություն կա: Նման ուսումնասիրությունները բավականին երկար են և թանկարժեք, հավելել է Գամկրելիձեն:
Շարունակելով խոսել վիրուսի բրիտանական շտամի մասին ՝ նա նաև նշել է, որ «սա նոր հայտնագործություն չէ», և մուտացիայի մասին հայտնի է դարձել դեռ սեպտեմբերին: Միևնույն ժամանակ, Գամկրելիձեն նշել է, որ շնչառական վիրուսները բնութագրվում են «բավականին արագ և հաճախակի մուտացիաներով»: