Գեորգի Գախարիա. Ղարաբաղում վերջին իրադարձությունների արդյունքում տարածաշրջանում խաղացողների թիվն ավելացել է
Ղարաբաղում վերջին իրադարձությունների արդյունքում տարածաշրջանում խաղացողների թիվն ավելացել է, եւ ներկայիս իրավիճակում Թբիլիսիի շահերից է բխում տարածաշրջանում իր ռազմավարական գործընկերների ներկայությունն ուժեղացնելը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
«Այսօր պետք է շատ զգույշ գնահատել եւ խոսել տարածաշրջանի իրավիճակի մասին, քանի որ տեղի ունեցածի վերջնարդյունքը, ցավոք, դեռ ոչ ոքի համար պարզ չէ: Դրա համար ժամանակ է պետք: Սակայն միանշանակ պարզ է, որ Վրաստանի անվտանգության եւ տարածաշրջանում նրա շահերի ամրապնդման համար մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ՝ տարածաշրջանում մեր ռազմավարական գործընկերների ներկայությունն ուժեղացնելու համար: Վերջին զարգացման արդյունք դարձավ այն, որ տարածաշրջանում խաղացողների թիվն ավելացավ»,-ասել է Գախարիան, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացման հետ կապված Վրաստանը «կարողացել է չեզոքություն պահպանել, ինչը թույլ է տվել պահպանել հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունները»: