Գորիս-Կապան ճանապարհին արդեն ադրբեջանցի զինծառայողներ են կանգնած
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեշյսբուքյան իր էջում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե Սյունիքում ինչպես են ադրբեջանական դրոշով մի խումբ զինծառայողներ կանգնած ավտոճանապարհին։
«Հայաստանի ինքնիշխան հանրապետություն, Սյունիք, Որոտան գյուղի մատույց, հենց այս պահին՝ ադրբեջանցի զինվորներ», - գրել է պատգամավորը։
Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը նույնպես իր էջում հրապարակել է այդ տեսանյութը գրելով. «Սա Սյունիքի մարզի միջպետական մայրուղին է՝ Գորիսը Կապանին, Քաջարանին, Մեղրիին, Ագարակին և վերջապես Իրանի Իսլամական հանրապետությանը կապող գլխավոր զարկերակը՝ մեր Որոտան գյուղը, ինչ կասեք այս տեսարանի հետ կապված, մի՞թե մեր երազած Հայաստանը այս տեսքը պետք է ունենար»:
Դեկտեմբերի 19–ի տեսաուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սյունիքի մարզում այս պահին սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ՀՀ սահմանապահ ուժերը տեղակայվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններին։
Ռուս սահմանապահներ են տեղակայվել Գորիս-Կապան ու Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհներին։