Գիտնականները հաստատել են ուղեղի վրա կորոնավիրուսի պոտենցիալ մահացու ազդեցությունը
SARS-CoV-2 կորոնավիրուսի ախտածին սպիտակուցները կարող են անմիջապես ազդել ուղեղի վրա եւ նյարդային համակարգի աշխատանքում առաջացնել պոտենցիալ մահացու խախտումներ: Այս մասին նախազգուշացնում են Վաշինգտոնի համալսարանի գիտնականները, որոնց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Neuroscience ամսագրում:
Գիտնականները հայտնաբերել են, որ կորոնավիրուսի թաղանթին կպած S-սպիտակուցը (S1) մկների մոտ կարող է ինքնուրույն թափանցել հեմատոէնցեֆալիտային պատնեշով եւ բորբոքային պրոցեսներ առաջացնել ցիտոկինների արտանետման պատճառով: Դրանով այն նման է ՄԻԱՎ-1-ի gp 120 սպիտակուցին, որը նույնպես դասվում է գլիկոպրոտեիններին եւ միանում է բջջային ռեցեպտորներին: Ինչպես եւ gp 120-ը, կորոնավիրուսային սպիտակուցը կարող է թափանցել ուղեղ, ինչը կորոնավիրուսին հնարավորություն է տալիս հարձակվել ուղեղի շնչառական կենտրոնների վրա եւ շնչառության խանգարում առաջացնել:
Փորձերը ցույց են տվել, որ տղամարդկանց դեպքում S1-ն ավելի արագ է փոխադրվում հոտառության կոճղեզում եւ երիկամներում, քան կանանց դեպքում: Սա կարող է մասամբ բացատրել տղամարդկանց ավելի մեծ նախահակվածությունը COVID-19-ի ավելի ծանր ընթացքին:
Այս հետազոտության արդյունքները հաստատում են Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի գիտնականների եզրահանգումները, որոնք ապացուցել են, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է մարդու ուղեղ թափացել հոտառության նյարդով՝ առաջացնելով կենտրոնական նյարդային համակարգի ուղղակի վնասվածքներ եւ վտանգավոր նյարդաբանական խախտումներ: