Լեռնային Ղարաբաղում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է. ՌԴ պաշտպանության նախարարություն
Լեռնային Ղարաբաղում էլեկտրամատակարարման համակարգը, որի կարգավորմանը շրջանում մարտական գործողություններից հետո օգնել են ռուս խաղաղապահները, ամբողջությամբ վերականգնված է, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Խաղաղապահների օգնությամբ էլեկտրամատակարարման համակարգն ամբողջությամբ վերականգնվել է: Այս նպատակով կատարվել են 18 կմ էլեկտրահաղորդման գծերի եւ 50 հենասյուների վերանորոգման աշխատանքներ: Վերսկսվել է ավելի քան 12 հազար ընդհանուր թվաքանակով բնակչություն ունեցող 24 բնակավայրերին էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դրանից բացի, խաղաղապահները սննդամթերքով եւ առաջին անհրաժեշտության իրերով հումանիտար փաթեթներ են տարել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի մի քանի հարյուր ընտանիքների: