Իրանական կողմի հետ քննարկվել է դեղերի եւ բժշկական սարքերի միասնական արտադրություն սկսելու հարցը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին եւ դեսպանության տնտեսական հարցերով փորձագետ Սեյեդ Ռեզա Նուրաիին:
Նախարարությունից հայտնում են, որ բարձր գնահատելով 2 երկրների դարավոր բարեկամությունն ու երկարամյա համագործակցությունը` կողմերը նոր առաջարկներ են արել Հայաստանի եւ Իրանի առողջապահական ոլորտներում գործունեություն ծավալելու առնչությամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակման նպատակով Հայաստանի եւ Իրանի առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների, բժիշկների եւ բուժանձնակազմերի միջեւ տեսակոնֆերանսներ կազմակերպել համավարակի բուժման ընթացակարգերի վերաբերյալ: Նաեւ մանրամասն քննարկվել է դեղերի եւ բժշկական սարքերի միասնական արտադրություն սկսելու հարցը: