Արցախի ԱԻՊԾ տնօրենն այցելել է Ասկերանի Իվանյան համայնք, ծանոթացել ՌԴ ԱԻՆ ծառայողների աշխատանքներին
Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը տեղակալների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնք, որտեղ տեղակայված են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման նախարարության անձնակազմը:
Կարեն Սարգսյանին դիմավորել է ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին:
Հետպատերազմյան Արցախում այժմ հիմնական ջանքերն ուղղված են սակրավորական աշխատանքների վրա: Ի.Կուտրովսկին արցախցի գործընկերներին է ներկայացրել ռուսական արտադրության գերժամանակակից հատուկ ավտոմեքենան, որը հագեցած է ինժեներասակրավորական սարքավորումներով:
Արցախի տարածքը որտեղ ռազմագործողություններ են տեղի ունեցել, հնարավոր վտանգից մաքրվում եւ ավելի անվտանգ է դառնում հատուկ հեռակառավարվող ռոբոտների եւ սարքավորումների միջոցով:
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել ռուս գործընկերներին, նշել, որ Արցախի ու արցախցիների համար անգնահատելի է ՌԴ ԱԻՆ հումանիտար գործունեությունը: լ
Իգոր Կուտրովսկին խոսել է արտակարգ իրավիճակներում առաջիկայում սպասվող ավելի ընդլայնված համագործակցության մասին:
Նշենք, որ գործընկեր կառույցների միջեւ համագործակցությունը սկսվել է նոյեմբերից՝ հաստատված զինանդադարից անմիջապես հետո: Ռուս գործընկերները եւս ընդգրկվել են փրկարարական աշխատանքներում: