«Հասկանալի չէ՝ ինչպե՞ս պետք է դոնոր պետությունները ֆինանսավորեն Արցախին՝ չճանաչելով նրա անկախությունը»
Արցախում հումանիտար ճգնաժամից դուրս գալու համար մեխանիզմներ շատ կան, միակ մեխանիզմը դոնոր պետությունների համաժողովը չէ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Մինչ այդ նա հայտարարել էր, որ Արցախում ստեղծվել է մի վիճակ, որ առանց դոնորների համաժողովի հնարավոր չի լինի դուրս գալ այդ հումանիտար ճգնաժամից. «Հիմա, երբ Արցախում ամբողջությամբ ռուսներն են որոշում, երբ Հայաստանը իր միջազգային գործընկերներին, այդ թվում Արցախով զբաղվող արևմտյան գործընկերներին նույնիսկ տեղյակ չի պահել հայտարարության մասին, ինչպես է հրավիրելու դոնոր երկրների համաժողով։ Իսկ առանց արևմտյան զգալի կապիտալի չենք կարող ակնկալել, որ մեծ աջակցություն կարող է լինել»,-նշել էր Սուրեն Սարգսյանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում միջազգայնագետը նկատեց, որ հասկանալի չէ, թե ինչպես պետք է դոնոր պետությունները ֆինանսավորեն Արցախին՝ չճանաչելով նրա անկախությունը. «Իհարկե, կարող են լինել դոնոր մարդասիրական կազմակերպություններ և այս դեպքում արդեն այլ խնդիր է: Եթե կլինեն մարդասիրական կազմակերպություններ, որոնց համար սկզբունքային նշանակություն չունենա Արցախի չճանաչված լինելու հանգամանքը, բնականաբար նրանք կարող են իրենց գործունեությունը ծավալել, ինչպես ասենք, Կարմիր խաչը կամ Hallo Trust-ն են գործունեությունը ծավալում Արցախի տարածքում»:
Հարցին, թե որքանով է արևմտյան հանրույթը պատրաստ աջակցելու Արցախին, և ո՞ր տարբերակն ավելի արդյունավետ կլինի, նա պատասխանեց. «Բնականաբար, առավել արդյունավետ կլիներ, եթե Արցախը միջազգայնորեն ճանաչվեր և որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ստանար օժանդակություն միջազգային կազմակերպություններից ու պետություններից»:
Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է հավանական, որ Ֆրանսիայի կառավարությունն ու նախագահը Սենատի ու ԱԺ բանաձևերից հետո կճանաչեն Արցախի անկախությունը, միջազգայնագետն արձագանքեց. «Ըստ Ֆրանսիայի Սահմանադրության ոչ թե օրենսդիրն է արտաքին քաղաքականության պատասխանատուն, այլ գործադիր իշխանությունը, քաղաքականություն մշակողն ու իրականացնողը: Խոսքը նախագահի, կառավարության և ԱԳՆ-ի մասին է: Այնպես որ որքան էլ Արցախի ճանաչման գործընթացներ լինեն, հայտարարություններ լինեն, միևնույն է, վերջում կառավարությունն է որոշելու ինչպիսի քաղաքականություն պետք է վարի այս կամ այն հարցում: Կարծում եմ՝ ցանկացած պարագայում Միացյալ Նահանգների փորձը կա՝ առանց պետությունը ճանաչելու աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: Իմ կարծիքով, սա կարելի է դարձնել այլ պետությունների համար նախադեպ»:
LIVE NOW