Գերմանիայի Բավարիա շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն կորոնավիրուսի տարածման կապակցությամբ
Գերմանիայի Բավարիա շրջանը համավարակի ընթացքում երկրորդ անգամ հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ վարակի տարածման շարունակական աճի պատճառով, հայտարարել է Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Կիրակի Բավարիայի կառավարությունում Զյոդերի անցկացրած արտահերթ նիստի արդյունքում կազմվել է 10 կետից բաղկացած կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ծրագիր: Համաձայնեցված միջոցառումներն ուժի մեջ կմտնեն երեքշաբթի տեղական խորհրդարանում քվեարկությունից հետո եւ կգործեն մինչեւ հունվարի 5-ը:
«Ամեն ինչ ամփոփված է «Մնում ենք տանը» խորագրի ներքո: Պարզապես մնալ տանը, կրճատել շփումները, խուսափել դրանցից եւ փորձել թույլ չտալ հետագա տարածումը: Դա ընդհանուր ուղերձն է: Որո՞նք են 10 կետերը: Առաջինը կրկին արտակարգ դրություն հայտարարելու մասին է»,-հայտարարել է նա:
Բավարիայի իշխանությունները հայտարարում են արտակարգ դրություն համավարակի ընթացքում արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ նրանք դա արել են մարտի 16-ին՝ համավարակի առաջին ալիքի ժամանակ: Զյոդերի խոսքով՝ այդ որոշման համար հիմք է ծառայում ինչպես հիվանդացության արագ դինամիկան (վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան 3 հազար հաստատված դեպք), այնպես էլ հիվանդանոցների գերծանրաբեռնվածությունը: Վարչապետի խոսքով՝ արտակարգ դրություն հայտարարելու շնորհիվ իշխանությունները կկարողանան ավելի լավ կառավարել վարչական պարտավորություներն ու առողջապահության համակարգին վերաբերող ֆինանսավորումը, այդ թվում՝ ավելի լավ նախապատրաստվել զանգվածային պատվաստմանը: