ՌԴ-ն կշարունակի Թուրքիային հասցնել Ղրիմի պատկանելության վերաբերյալ իր դիրքորոշումը. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի համբերատար և հետևողականորեն Թուրքիային հասցնել Ղրիմի պատկանելության վերաբերյալ իր դիրքորոշումը. այն մնում է լուրջ տարաձայնության խնդիր երկու երկրների միջև։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ղրիմը լուրջ տարաձայնությունների հարց է, և մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք: Մենք կշարունակենք մեր թուրք գործընկերներին հասցնել Ղրիմի հարցում մեր հետևողական դիրքորոշումը»,- ընդգծել է Պեսկովը:
Նա նաև հիշեցրել է, որ Ղրիմի թերակղզու պատկանելության հարցի վերանայումը ոչ մի կերպ չի կարող քննարկվել:
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարևոր են երկու երկրների համար, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից:
«Այդ հարաբերությունները փոխշահավետ են և հիմնված են միմյանց ներքին գործերին չմիջամտելու, միմյանց շահերը հարգելու սկզբունքների վրա»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:
Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել էր, որ Թուրքիան ողջունում է Ուկրաինայի նախաձեռնությունը Ղրիմի հարցով բանակցային հարթակ ստեղծելու վերաբերյալ: