Ավելի քան 32 միլիոն մարդ կարող է հայտնվել ծայրահեղ աղքատության մեջ՝ COVID-19-ի պատճառով․ ՄԱԿ
Առավել քիչ զարգացած երկրներում ավելի քան 32 միլիոն մարդ կարող է ծայրահեղ աղքատության մեջ հայտնվել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս մասին նշված է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման խորհրդաժողովի զեկույցում:
Ինչպես նշվում է զեկույցում, վարակի տարածումը հանգեցրել է պետությունների տնտեսական զարգացման հեռանկարների լուրջ վատթարացման: Միևնույն ժամանակ, ամենածանր հարվածը հասցվել է քիչ զարգացած երկրների տնտեսություններին:
Կազմակերպության գնահատմամբ, օրական 1,9 դոլարից ցածր եկամուտ ունեցող մարդկանց թիվը կավելանա 3% -ով`կազմելով 35,2%:
«Սա նշանակում է, որ ավելի քան 32 միլիոն մարդ ծայրահեղ աղքատության մեջ է ապրելու առավել քիչ զարգացած երկրներում», – ասվում է զեկույցում:
Նաև նշվում է, որ ամենամեծ տնտեսական վնասը հասցվելու է աֆրիկյան երկրներին և փոքր կղզի-պետություններին:
Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 64,7 միլիոն դեպք, ապաքինվել է 41,6 միլիոն մարդ, մահացել է 1,5 միլիոն մարդ: