Իսրայելի իշխանությունները քաղաքացիներին նախազգուշացրել են Իրանին սահմանակից երկրներում հարձակման սպառնալիքի մասին
Իսրայելի ազգային անվտանգության խորհրդին կից հակաահաբեկչական շտաբը հինգշաբթի նախազգուշացրել է իսրայելցիների և իսրայելական թիրախների դեմ Իրանին սահմանակից երկրներում հարձակման մեծ սպառնալիքի մասին:
Իրանական կողմից վերջերս հնչող սպառնալիքների լույսի ներքո, ինչպես նաև հաշվի առնելով անցյալում իրանցիների ներգրավվածությունը տարբեր երկրներում ահաբեկչական գործողություններին, մտավախություն կա, որ Իրանը կփորձի նման կերպ վարվել իսրայելական թիրախների դեմ», – ասվում է հայտարարության մեջ։ Գլխավոր շտաբը նշել է Ադրբեջանը, Վրաստանը, Իրաքի, Թուրքիայի մի շարք շրջաններ, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը, որոնց հետ Իսրայելը կարգավորել է հարաբերությունները երկու ամիս առաջ, և ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանն ու Աֆրիկան՝ որպես իրանամետ ուժերի կողմից իսրայելական թիրախների վրա հարձակման հնարավոր վայրեր:
Ի հավելումն, իշխանությունները իսրայելցիներին հորդորել են զգոն լինել և խուսափել մարդաշատ վայրերից՝ 2020-ի դեկտեմբերի վերջին և 2021-ի հունվարի սկզբին Ամանորյա արձակուրդներին եվրոպական երկրներ այցելելիս:
Նոյեմբերի 27-ին Դամովենդ (Թեհրանի նահանգ) քաղաքի մոտակայքում մահափորձ էր կատարվել իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի նկատմամբ, որը ղեկավարում էր Իրանի Պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտական կենտրոնը: Ավելի ուշ Իրանի Պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ գիտնականը վիրավորվել է, իսկ հետո մահացել է հիվանդանոցում: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարեց, որ մասնագետի սպանության մեջ երևում է Իսրայելի հետքը: Իսրայելը պաշտոնապես չի հաստատում, բայց և չի հերքում այս մեղադրանքները: