Անառիկ Դադիվանքը. WarGonzo–ի տեսանյութը՝ վանական համալիրում տիրող վիճակի մասին
Ռուսական WarGonzo նախագիծը տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանքում:
Տեսանյութի սկզբում արխիվային կադրեր են ցուցադրվում 90-ականների պատերազմական օրերից, ապա անցում է կատարվում ներկա իրավիճակին, երբ հնադարյա վանական համալիրը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո:
Ինչպես տեղի բնակիչներից մեկը նշում է, նոյեմբերի 25-ին, երբ դեռ հայտնի չէր եկեղեցու ճակատագիրը, մասնագետները վանական համալիրի պատերից հանել են որմնանկարները:
Քարվաճառի շրջանն ադրբեջանական կողմին է հանձնվել նոյեմբերի 25-ին, որից հետո որոշվել է, որ Դադիվանքի տարածքը կգտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ և չի անցնի ադրբեջանցիներին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: