Արցախի նախագահի խորհրդականը հաստատել է Ստեփանակերտի օդանավակայանի` առաջիկայում գործարկվելու վերաբերյալ տեղեկությունը
Արցախի նախագահի խորհրդականը (Դավիթ Բաբայան-խմբ.) РИА Новости-ի հետ զրույցում հաստատել է հրապարակված տեղեկությունն այն մասին, որ առաջիկայում Ստեփանակերտի օդանավակայանը կգործի:
«Այպես ասեմ` շատ մոտ ապագայում դա կլինի»,- լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդականը` միաժամանակ կոնկրետ ժամկետ չհստակեցնելով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ РИА Новости-ն, հղում անելով Արցախի պետական կառավարման մարմիններում իր աղբյուրի հաղորդած տեղեկատվությանը, հայտնել էր, որ ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռները կկարողանան օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը` Լեռնային Ղարաբաղի հումանիտար կենտրոններ մատակարարումներ կատարելու նպատակով:
Ըստ աղբյուրի` Ստեփանակերտի օդանավակայանը կսկսի աշխատել դեկտեմբերի առաջին տասնօրյակում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրեր է տեղափոխվել ավելի քան 27 հազար քաղաքացի: