Թուրքիայում կարգելեն հանգստյան օրերին փողոց դուրս գալ, իսկ աշխատանքային օրերին պարետային ժամ են մտցնում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար սահմանափակող միջոցառումների խստացման մասին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նոր միջոցառումները, որոնք սկսում են գործել երեքշաբթիից, ներառում են աշխատանքային օրերին երկրի ամբողջ տարածքում պարետային ժամ՝ տեղական ժամանակով 21:00-ից մինչեւ առավոտյան 5:00։
Սահմանափակումները նաեւ մտցնում են հանգստյան օրերին երեկոյան 21։00-ից մինչեւ երկուշաբթի առավոտյան 5։00 փողոց դուրս գալու արգելք։
Էրդողանը նաեւ հայտնել է, որ միջոցառումների նոր շարքի շրջանակում մինչեւ 20 տարեկան երիտասարդներին եւ 65-ն անց տարեցներին արգելված է օգտվել հանրային տրանսպորտից։ Ռեստորաններին թույլատրվել է աշխատել միայն առաքմամբ։ Առեւտրի կենտրոններ այցելելու համար անհրաժեշտ է ձեւակերպել հատուկ անցաթուղթ։
Դրանից բացի, ժամանակավորապես փակվում են համամները, շոգեբաղնիքները, լողավազանները, զվարճանքի այգիները։
Մինչ այս Թուրքիայում պարետային ժամ էր գործում միայն հանգստյան օրերին։ Սակայն երկրում կորոնավիրուսով հիվանդացությունը շարունակում էր աճել, չնայած ձեռնարկված միջոցառումներին։
Թուրքիայում COVID-19-ի բռնկման սկզբից գրանցվել է կորոնավիրուսով հիվանդության ավելի քան 600 հազար դեպք։ Մահացել է 13․5 հազարից ավելի մարդ։