Ո՞նց կարելի էր մեր հողի կտորից պոկել, իսկ մեր զավակներին թողնել քմահաճույքի հույսին. Հրանտ Թոխատյան
Ինչպես ավելի վաղ նշել էինք, մտավորականները բողոքի ակցիա էին կազմակերպել ԱՄՆ դեսպանատան առջև, ինչի արդյունքում նամակ հանձնեցին դեսպանատան աշխատակցին՝ նշելով, որ ակնկալում են հանդիպում դեսպանի հետ, եթե դա հնարավոր է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասել է մտավորականների միաբանության երթին մասնակցող դերասան Հրանտ Թոխատյանը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին հանձնեցինք մեր նամակ-խնդրանքը, կփոխանցի նամակը դեսպանին, և ասացինք, որ ակնկալում ենք պատասխան, ասացին դեսպանի՝ նամակին ծանոթանալուց հետո մենք պատասխանը կուղարկենք ձեզ: Մենք շարունակում ենք կապը պահել Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻԵԴ-ում մեր ներկայացուցչի գրասենյակների հետ, որպեսզի կարողանանք օգտակար լինել իրենց, ինչով, որ կարող ենք:
Այն կարծիքը, որ մտավորականների կազմակերպած երթը ուղղորդված շարժում է, Հրանտ Թոխատյանը անվանեց տականքություն:
«Այստեղ հավաքված են մարդիկ, որոնք փորձում են վերադարձնել իրենց հարազատներին, ի՞նչ ուղղորդվածություն կարող է լինել: Ի՞նչ բան ենք անում: Չի կարող այս հարցում ուղղորդվածություն լինի, սա հրատապ հարց է, որը հուզում է բոլորիս: Կա՞ հիմա հանրապետություն մի հոգի, որ գերիների հարցով չմտածի: Կամ թաքնված տղաներին,զոհված տղաների դիերը վերադարձնելու մասին չմտածի», -ասաց Հրանտ Թոխատյանը:
Ըստ Հրանտ Թոխատյանի՝ բանականություն ունեցող յուրաքանչյուր մարդու հուզում է այն հարցը, որ գերիներին վերադարձնելու մասին որևէ հստակ ժամկետ նշված չէ ստորագրված համաձայնագրում:
«Ամենավրդովեցնող փաստը դա է: Ո՞նց կարելի էր մեր հողի կտորից, մեր սրտից, պոկել ու վերադարձնել, իսկ մեր եղբայրներին, զավակներին, թողնել քմահաճույքի հույսին: Սա անհնար մոտեցում է, բայց եղել է արդեն: Մեզ մոտ առաջարկ կար, ցավոք սրտի, այն չընկալվեց ու մենք բաց թողեցինք: Որ գոնե կանգնեինք մենք մի պահ ասեինք՝ հրաժարվում ենք մեր պարտականություններից, վերադարձրեք մեր գերիներին, վերադարձրեք մեր դիերը, վերադարձրեք մեր տղաներին, հետո շարունակենք գործընթացը», -նշեց Հրանտ Թոխատյանը: