Հայաստանում կհեշտացվի Հաշվեքննիչ պալատի անդամ դառնալու ընթացակարգը
Պատգամավորներն առաջարկում են փոխել Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները եւ հաշվի առնել ոչ միայն պետական ֆինանսների ոլորտում, այլ նաեւ ընդհանրապես ֆինանսական հատվածում աշխատանքային փորձը: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց օրինագծի հեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը:
Նրա խոսքով՝ եթե մարդն ունի ֆինանսական համակարգում 10 տարվա աշխատանքային փորձ, որից 5 տարին աշխատել է ղեկավարի պաշտոնում, այդ ընթացքում ստացել է աուդիտորի որակավորում, ապա հանգիստ կարող է առաջադրվել Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում:
Նշենք, որ գործող դրույթների համաձայն՝ Հաշվեքննիչ պալատի անդամ կարող են դառնալ անձինք, որոնք ունեն աուդիտորի որակավորում, այդ ոլորտում գործունեության 5 տարվա փորձ, ներառյալ՝ 1 տարվա աշխատանքային փորձ աուդիտորական կազմակերպության ղեկավարի պաշտոնում կամ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում 3 տարվա փորձ, ինչպես նաեւ 10 տարվա փորձ պետական ֆինանսների ոլորտում, որից 5-ը՝ ղեկավարի պաշտոնում:
Քննարկումներից հետո պատգամավորները դրական եզրակացություն տվեցին տվյալ օրենսդրական նախաձեռնությանը: