Ուժայինների և դատարանների մեծ առերեսում վարչապետի մոտ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին խորհրդակցություն է անցկացրել ուծային կառույցների ղեկավարների և դատական համակարգի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ԱԱԾ, ոստիկանության պետերի, Գլխավոր դատախազի, ՀՔԾ և Քննչական կոմիտեի ղեկավարների, ԲԴԽ անդամների, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների ղեկավարների հետ: Խորհրդակցությունը գործնականում հնարավոր է գնահատել այսպես ասած՝ առերեսում ուժային կառույցների և դատական համակարգի ղեկավարների միջև, հաշվի առնելով վերջին օրերին ներքաղաքական իրողություններն ու դրանցում նշմարվող որոշակի զարգացումները: Մասնավորապես, դրա վկայություն է այն, ինչ հիշատակել է վարչապետ Փաշինյանը՝ ըստ պաշտոնական հաղորդագրության: Մասնավորապես, նա նշել է, որ իրավապահները ձերբակալել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ բռնություն գործադրած քաղաքացիների, սակայն դատարանը բավարարել է երեքին կալանավորելու դատախազության դիմումներից միայն երկուսը:
Նույն օրվա հայտնի հասարակական անկարգությունների առնչությամբ մասնակիցների կեսից ավելիի կալանքի դիմումները, ըստ վարչապետ Փաշինյանին, մերժվել են: «Տվյալ գործերով այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 50 անձի, որոնցից խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան 42 անձի պարագայում: Միջնորդություններից մերժվել է 20-ը, բավարարվել է 18-ը, ԱԺ նախագահի դեմ հարձակման գործով կալանավորվել է 2 անձ, ևս մեկ անձի կալանավորումը մերժվել է: Եթե ճիշտ բարձրաձայնեցի՝ այս վիճակագրությունը և հիմնական հարցը հետևյալն է, թե մեր գնահատականը որն է, թե ինչքանով է այս իրավիճակը պատշաճ արձագանք տեղի ունեցածին, եթե պատշաճ ենք համարում ներկաներս՝ դա ի գիտություն ընդունենք, եթե պատշաճ չենք համարում, հասկանանք՝ ի՞նչն է խնդիրը, և ինչո՞ւ մենք ունենք այսպիսի իրավիճակ»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը: Պետք չէ բացառել, որ խորհրդակցությանը քննարկվել են նաև ընդդիմադիր մի շարք գործիչների վերաբերյալ դատարանների որոշումները, որոնց ձերբակալել էին ռազմական դրության օրենքը խախտելու, կամ վարչապետի դեմ մահափորձ կազմակերպելու հայտնի գործերով, սակայն դատարանը մերժել էր կալանքը խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Ի՞նչ արդյունք է տվել վարչապետի կազմակերպած փաստացի առերեսումը, և արդյո՞ք դա նշանակելու է, որ իշխանությունը հղում է ներքին հարցերում ավելի կոշտ գործիքակազմի կիրառման կամ ավելի կոշտ վարքագծի անցնելու ազդակներ, մասնավորապես դե ֆակտո դնելով դատարանների վերահսկողության հարց:
Համենայնդեպս, ակնառու է, առնվազն տարածված պաշտոնական հաղորդագրությունից, որ շեշտը դրված է հենց դատարաններում կայացվող որոշումներից դժգոհության վրա: Ինչ է հաջորդելու, եթե դատական համակարգի ղեկավարությունը որոշի ընդդիմանալ շեշտադրումներին:
Աղբյուրը՝ 1in.am