Ռուս խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղում ապահովում են Լաչինի միջանցքով ավտոտրանսպորտի շարժի անվտանգությունը
Ռուս խաղաղապահ ուժերի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում ապահովում են Լաչինի միջանցքով ավտոտրանսպորտի շարժի անվտանգությունը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական ավտոտրանսպորտի շարժը և Լաչինի միջանցքով բնակիչների տեղափոխումը, ուղեկցում և ապահովում են նաև շինարարական բրիգադների անվտանգությունը, որոնք իրականացնում են ենթակառուցվածքների վերականգնման առաջադրանքներ»,- նշվում է հաղորդագրությունում:
Գերատեսչությունից հայտնել են, որ նոյեմբերի 14-ից ի վեր ավելի քան 26 հազար փախստական արդեն վերադարձել է իր նախկին բնակավայր:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: