Լիբանանի կառավարությունը չի երկարաձգի կարանտինը
Լիբանանի կառավարությունը չի երկարաձգի կարանտինը, որը մտցվել էր նոյեմբերի 14-ին՝ նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառով: Այս մասին հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Համադ Հասանը:
«Կարանտինային ռեժիմը կթուլացվի երկուշաբթի, նոյեմբերի 30-ից», – հայտարարել է նա:
Ըստ Հասանի, կրկնակի լոքդաունը 70% հաջող է եղել: Բժիշկներն ու բուժաշխատողներն «օգտվել են այս հնարավորությունից և հիվանդանոցներում լրացուցիչ տեղեր են պատրաստել»:
Այնուամենայնիվ, Լիբանանում դեպքերի թիվը շարունակում է բարձր մնալ:
Նշվում է, որ երկրում պարետային ժամը կկրճատվի վեց ժամով և կգործի 23: 00-ից 05: 00-ն: Անձնակազմի ներկայությունը աշխատավայրերում հասցվել է 50% -ի: Կբացվեն առևտրի կենտրոնները, սրճարանները, ռեստորանները, մարզադահլիճները, սպասարկման ոլորտը կվերսկսի իր աշխատանքը: Բանկետների սրահներն ու գիշերային ակումբները փակ կմնան: Դպրոցականները և ուսանողները կվերադառնան իրենց դասերին: