Մանրամասներ Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Օդալեն» ռեստորանային համալիրի նոր կառուցվող խոհանոցում փլուզման վերաբերյալ (Տեսանյութ և լուսանկարներ)
Ինչպես քիչ առաջ նշել էինք, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, Ժամը 12:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Օդալեն» ռեստորանային համալիրի նոր կառուցվող խոհանոցում փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացի կա ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական և թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատները, ժամանել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարները կարճ ժամանակում այնտեղից դուրս են բերել կնոջը, սակայն բժիշկները արձանագրել են նրա մահը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: Տեղում դեպքի վայրի զննություն են կատարել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Վարդգես Աթոյանի գլխավորութամբ:
Վերջինների կողմից ստեղծվել է քննչական խուբ: Խմբի ղեկավար է նշանակվել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ժորա Սարգսյանը ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Տեղում է նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված վայրում կառուցվում էր նոր խոհանոց և ծածկը փլուզվել է ու այդ պահին այնտեղ է եղել ռեստորանի աշխատակցուհին ու դին դուրս են բերել փրկարարները: