Ես Փաշինյանին ասացի նույնը, ինչ ինքն ասել էր Սերժ Սարգսյանին - Դուք չեք տիրապետում իրավիճակին, ձեր խորհրդականները ձեզ սխալ ինֆորմացիա են տալիս, իսկ ինքը վիրավորելով ասաց՝ ինչ է, երկու տեղանոց կռավաթ ես ուզո՞ւմ (Տեսանյութ)
Ինչպես արդեն նշել էինք, ժամկետային զինծառայողների ծնողները կրկին ակցիա են անում կառավարության մոտ:
Ակցիայի մասնակից ծնողներից մեկն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ վերջինիս ասել է, որ նա չի տիրապետում իրավիճակին:
«Ես ասացի, որ իր աշխատողները սխալ ինֆորմացիա են տալիս: Դուք չեք տիրապետում, թե ինչ վիճակում են գտնվում ձեր զինվորները Ղարաբաղում: Վարչապետը շատ ունակ է խոսքերն ու իրավիճակը փոխելու, լպրծուն պատասխաններով լղոզելու:
Ես ասացի, որ պահանջում ենք 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներին վերադարձնել Հայաստանի տարածքում իրենց ծառայությունը շարունակելու, այլ բան պետք չէ: Ես երեսին ասացի, դուրը չեկավ: Ես ասացի, որ ինքն ու ՊՆ-ն մոռացել են զինվորներին, զինվորը մոռացված է:
Երբ ես նկարագրեցի, թե ինչ վիճակում են ապրում մեր զինվորները, վարչապետն ասաց, «երկու տեղանի կռավա՞թ ես ուզում տանենք էնտեղ»: Սա պատասխա՞ն է: Այդ բառերից հետո ես գտնում եմ, որ մենք էլ վարչապետ չունենք: Հետո զգաց, որ հիմարություն է ասում, ներողություն խնդրեց: Ինչ է, մենք կռավաթի կռիվ ենք տալի՞ս: Նրանց առողջությունը քայքայվում է, քնում են գետնի վրա»,-ասաց նա:
Ծնողն ասաց, որ իրենց հավաստիացրել են, թե կեցության հարցերը կլուծվեն, սակայն ինքը չի հավատում: