2021 թվականին Disney-ը 32 000 աշխատատեղ կկրճատի
2021 թվականին Disney-ը 32 000 աշխատատեղ կկրճատի, առաջին հերթին` ԱՄՆ-ում թեմատիկ պարկերի իր բաժնում:
Ընկերությունը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ 28 000 աշխատատեղ կկրճատի, պայքարում է համաճարակային եւ սոցիալական սահմանափակումների դեմ:
Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովին ուղղված հայտարարության համաձայն` կրճատումները կկատարվեն հաջորդ տարվա առաջին կեսին: Variety-ն հայտնում է, որ հոկտեմբերի 3-ից մինչ օրս աշխատանքից մոտ 37 000 մարդ է հեռացվել:
CNBC-ի տվյալներով` Disney-ում աշխատում է մոտ 203 000 մարդ ամբողջ աշխարհում, որոնց շուրջ 20 տոկոսն աշխատում է կես դրույքով:
Լոս Անջելեսի ոչ հեռու գտնվող Անահայմում Դիսնեյլենդը երկրորդ ամենաշատ այցելվող թեմատիկ պարկն է աշխարհում:
Սակայն, ի տարբերություն Ֆլորիդայի, Տոկիոյի, Հոնկոնգի, Շանհայի եւ Փարիզի Disney-ի զվարճանքների պարկերի, Անահայմ հանգստավայրը դեռ չի կարող բացվել` կորոնավիրուսի կապակցությամբ նահանգում ներդրված սահմանափակումների պատճառով:
Disney-ը վերջին եռամսյակում 4.7 միլիարդ դոլարի վնաս է կրել: