«Մեր քաղաքացիները սրան արժանի չեն». Ալեն Սիմոնյանը պատգամավորներին հանգստացնելու համար հրավիրեց անվտանգության աշխատակիցներին (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում, երբ քննարկվում էր ռազմական դրությունը վերացման մասին նախագիծը, ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, ում խոսքերը առաջացրեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների բարկությունը:
«Պետք է ամեն հարցի դեպքում, պարտադիր չի ամբիոնից, այս ամբիոնը ինչ-որ հատկություն ունի, երբ ամբիոնի մոտ գալիս են մարդիկ դառնում են...»,-ասաց Համազասպ Դանիելյանը և չկարողացավ ավարտել խոսքը, քանի որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դահլիճից արձագանքեց՝ ասելով, թե հեքիաթներ է պատմում:
«Երբ որ այստեղից ինչ-որ ֆրակցիայի ներկայացուցիչ խոսում է..»,-նորից փորձեց շարունակել իր ելույթը Համազասպ Դանիելյանը, սակայն դահլիճում կրքերը բորբոքվեցին և իշխանական և ընդդիմադիր պատգամավերնրը բանավեճ սկսեցին:
Տեղից արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը.«Ես հեսա անվտանգության աշխատակիցներին կհրավիրեմ, ես չեմ վախեցնում, ուզում եմ դահլիճում կարգ ու կանոն լինի: Ձեր ասելիքը կասեք ամբիոնից, հարգելի Բարգավաճի գործընկներ, խնդրում եմ հանգստացրեք ձեր գործընկերոջը»:
«Ամոթ ունեցեք»,-նշեց ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը: Ալեն Սիմոնյանը կրկին կոչ արեց կրքեր չբորբոքել, չհրահրել: «Մեր քաղաքացիները սրան արժանի չեն»,-ասաց նա: Այսպիսով պատգամավորները չէին հանգստանում և հրավիրվեց անվտանգության աշխատակիցներ՝ նրանց բաժանելու համար: