Սոթքի ոսկու հանք են ներթափանցել 80 ազերի զինվորական․ ԼՀԿ պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ադրբեջանցի զինվորականները ներթափանցել են Սոթքի ոսկու հանք։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Հենց նոր տեղեկացրեցին , որ Սոթքի ոսկու հանք են ներթափանցել 80 ազերի զինվորական։
Էտ ո՞ր պայմանագրով ենք կողմնորոշվում , ո՞վ պիտի վերահսկի պայմանագրի կատարումը ։
Պատկան մարմիններ արձագանքեք»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անպատասխան էր մնացել Սոթքի հանքի վերաբերյալ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցը։
Նա ասել էր. «Հայտնի փաստաթղթից հետո Քարվաճառի շրջանը, երբ ամբողջությամբ դառնա Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջան, խնդիր է առաջանում Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում տեղակայված ոսկու հանքի հետագա գործունեության մասով»:
Պատգամավորը հարցրել էր՝ ի՞նչ է սպասվում հանքի ճակատագրին, ի՞նչ է լինելու հանքում աշխատող մարդկանց հետ. «Այս հարցը տալիս եմ, որովհետև հանքի տարածքի մի մասը գտնվում է Քարվաճառի շրջանում»,- ասել էր «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորը:
Կառավարության անդամներից ոչ ոք չէր պատասխանել հարցին, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը նշել էր, թե պատգամավորի հարցին Կառավարությունը կպատասխանի գրավոր: