Նման փաստաթղթերը հնարավոր չէ քննարկել հանրության հետ. Վահե Ղալումյանը՝ եռակողմ հայտարարության ստորագրման մասին
Հանրությունն ընդունում է, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցով եռակողմ հայտարարության որոշումն ընդունելիս այն քննարկելու ժամանակ չի ունեցել և որոշման հիմքում ընկած են Արցախի նախագահի և գլխավոր շտաբի պետի հիմնավորված կարծիքները. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով հարցին, թե որպես ՀՀ քաղաքացի ի՞նչ եք զգում Փաշինյանի կողմից այդ հայտարարություն ստորագրելուց հետո, որով Արցախի հարակից 7 շրջանները, նաև Հադրութը և Շուշին անցնում են հակառակորդի տիրապետության ներքո:
Դիտարկմանը, որ Գլխավոր շտաբի պետը ասում է, որ 4 օր հետո իրադրության մասին զեկուցագիր է գրել, Վահե Ղալումյանն արձագանքեց, թե պատերազմի ընթացքում երեք անգամ գերտերությունների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների դադարեցման նախաձեռնություն է եղել, և այդ հրադադարները չեն պահպանվել, իհարկե, ոչ իրենց մեղքով:
Ճշտող հարցին, թե վարչապետը ժամանակ չի՞ ունեցել հանրությանը, խնդիրը ներկայացնելու համար, ինչպե՞ս չափեցիք հանրության կարծիքը, Վահե Ղալումյանը պատասխանեց. «Ես գիտեմ, որ նման փաստաթղթերը նման ներկայացման խնդիր չունեն և հնարավոր չէ դա քննարկել հանրության հետ»:
Դիտարկմանը, թե միշտ ասվել է, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման նպատակով որևէ կարևոր որոշման դեպքում հանրությանը կհարցնեն կամ հարցը հանրահավաքի կդրվի, Ղալումյանը պատասխանեց, որ Արցախի ժողովրդի փոխարեն Արցախի նախագահն է հանդես եկել, ստորագրել է Փաշինյանը՝ Արցախի նախագահի խոսքով, պահանջով, ինչպես նաև ԳՇ պետի պահանջով.«Այդ ժամանակ զոհասեղանին դրված է եղել 25-30 հազար մարդու կյանք: Եվ այդ մարդկանց կյանքը փրկելով և Արցախի մնացած հատվածը փրկելով՝ վարչապետը ստորագրել է այդ փաստաթուղթը»:
Ի պատասխան հարցի, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, խոսելով Իջևանի ակցիաների մասին, ասել է, որ այդ ժամանակ նիկոլ Փաշինյանը ասել է, որ արյան գետեր է ուզում տեսնել, և ինչո՞ւ այդ ժամանակ փորձ արվեց ԱԱԾ-ին ներգրավվել այդ գործընթացին, ի՞նչ գործ ունեին այնտեղ իրենք, Վահե Ղալումյանը պատասխանեց, որ ուժային ներգրավվածությունը եղել է, քանի որ լարվածություն կար՝ բնակչության մի հատված գտնում էր, որ անտառի անօրինական հատումը պետք է շարունակվի, իսկ իրենց դիրքորոշումն էր, որ այդ գործընթացը պետք է կանգնեցվի։