ԵՄ-ն առանց Միացյալ Նահանգների ի վիճակի չէ պաշտպանել Եվրոպան. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Եվրամիությունն ի վիճակի չէ պաշտպանվել առանց Միացյալ Նահանգների, այդ իսկ պատճառով չափազանց անհրաժեշտ են ԱՄՆ-ի երաշխիքներն անվտանգության ոլորտում, ամերիկյան զորքերի ներկայությունը Եվրոպայում և միջուկային զսպմանն ուղղված քայլերը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը գերմանական Funke-ին տված հարցազրույցում, հաղորդում է ТАСС-ը:
«Փաստն այն է, որ ԵՄ-ն չի կարող պաշտպանել Եվրոպան: Brexit-ից հետո պաշտպանական ծախսերի 80%-ը բաժին է ընկնելու ԵՄ անդամ չհանդիսացող պետություններին: Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև կապը թուլացնելու ցանկացած փորձ ոչ միայն կթուլացնի ՆԱՏՕ-ն, այլ նաև սեպ կխրի Եվրոպայում: ԱՄՆ-ում այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս բազմավեկտորության ու Հյուսիսատլանտյան համագործակցության դեմ, օգտագործում են դա որպես նախադրյալ իրենց պարտավորությունների նվազեցման համար»,- նշել է Սթոլթենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ ԱՄՆ-ը Բայդենի նախագահ դառնալուց հետո կպահպանի ճնշումը ԵՄ-ի նկատմամբ պաշտպանության ոլորտի ծախսերի բարձրացման հարցում: