1 օրում ԼՂ է վերադարձել 2334 փախստական. ՌԴ ՊՆ ներկայացուցիչ
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղ մեկ օրում 2334 փախստական է վերադարձել. ընդհանուր առմամբ, խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ է վերադարձել նախկինում տեղահանված ավելի քան 11 000 քաղաքացի, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ռուս խաղապահների միջոցով ապահովվում է փախստականների անվտանգ վերադարձը: Հայաստանի տարածքից մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2334 փախստական, որոնք ավելի վաղ մարտական գործողությունների հետևանքով լքել էին իրենց տները: 2020 թվականի նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների օգնությամբ Լեռնային Ղարաբաղ է արդեն վերադարձել ավելի քան 11 000 բնակիչ»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։