Եվրամիությունը սկսել է հիվանդանոցների համար ախտահանող ռոբոտներ ձեռք բերել
Եվրահանձնաժողովը երկուշաբթի հայտարարել է ախտահանման աշխատանքներ կատարող 200 ռոբոտների ձեռքբերման գործընթացը սկսելու մասին: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի հայտարարությանը, այդ ռոբոտները տրամադրվելու են Եվրամիության ողջ տարածքում գործող հիվանդանոցներին:
«Անդամ երկրների մեծամասնության հիվանդանոցներից հայտնել են պահանջարկի մասին և հետաքրքրվածություն են ցուցաբերել այդ ռոբոտները ստանալու հարցում, որոնք կարող են ուլտրամանուշակագույն լույսի օգնությամբ ընդամենը 15 րոպեում ախտահանել հիվանդասենյակները՝ այդպիսով օգնելով նվազեցնել վիրուսի տարածումը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ախտահանման ընթացքը վերահսկվում է օպերատորի կողմից, որը գտնվելու է ախտահանվող տարածքի սահմաններից դուրս՝ խուսափելու համար ուլտրամանուշակագույն ճառագայթի ազդեցությունից: Ակնկալվում է, որ ռոբոտները կմատակարարվեն առաջիկա շաբաթներին: