Փաշինյանի համար մարդկային կյանքը զրո է․ Ավետիք Իշխանյանը Գեղամ Մանուկյանին հորդորել է հացադուլ չանել
Երբ իմացա, որ Գեղամ Մանուկյանը որոշել է հացադուլ անել, ես իմ կյանքում առաջին անգամ որոշեցի հացադուլ անող քաղաքացուն հորդորել, որ հրաժարվի այդ մտքից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն՝ անդրադառնալով ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի անժամկետ հացադուլ հայտարարելուն, որով նա պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Որովհետեւ, ում հրաժարականը, որ նա պահանջում է, այդ անձը չունի որեւէ խղճի զգացում, դաժան է, մարդկային կյանքը նրա համար զրոյական նշանակություն ունի եւ նա նույնիսկ հաճույք կստանա, եթե Գեղամ Մանուկյանը հյուծվի եւ հասնի մահվան դուռը: Հիշենք՝ 2019 թվականին «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկում Մհեր Եղիազարյանի մահը, որը եղավ հացադուլի արդյունքում:Ես համոզված եմ, որ Փաշինյանը տեղյակ է եղել նրա հյուծված լինելու մասին եւ հրահանգել է ոչինչ չանել»,- հայտարարեց նա։
Իրավապաշտպանը կրկին հորդորեց Գեղամ Մանուկյանին, որպեսզի նա հրաժարվի այդ մտքից, որովհետեւ ըստ նրա՝ «մենք բոլորս գործ ունենք մի դաժան անձնավորության հետ, որի համար մարդկային կյանքը զրո է։»