Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ստորաբար հանձնեց Արցախը, իր խղճին մնաց 5000 զոհերի արյունը, այլև պառակտեց հասարակությունը. նա քաղաքական դիակ է և պետք է հեռանա. Սայաթ Շիրինյան
Նիկոլ Փաշինյանի՝ յուրաքանչյուր օր իշխանությանը մնալով, մեր հասարակությունը կորցնում է հավատը վաղվա օրվա նկատմամբ: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:
«Մենք այժմ ունենք պառակտված հասարակություն: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ստորաբար հանձնեց Արցախը, իր խղճին մնաց 5000 զոհերի արյունը, այլև ստորաբար պառակտեց հասարակությունը, և մեզ սերունդներ են պետք, որ կարողանանք այս հասարակությանը միավորել: Ասում են՝ միասնականություն է պետք. ու՞մ շուրջ, դավաճան Նիկոլի՞: Նա այժմ քաղաքական դիակ է, պետք է հեռանա»,-ասաց Շիրինյանը:
Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բոլոր առումներով տապալված է. այդ թվում՝ տնտեսական քաղաքականություն, ներքին ու արտաքին քաղաքականություն, կադրային քաղաքականություն:
«Մենք կանգնած ենք տնտեսական կոլապսի առջև, բայց դրա մասին չի խոսվում: Հայկական բանակը, մեր ժողովուրդը չի պարտվել, ծնկի է բերել Նիկոլ Փաշինյանը, և նրան որևէ մեկը լուրջ չի վերաբերվում: Նա բանակցային գործընթացներին ներգրավվել չի կարող: Եթե ինքն այսօր փորձում է ամեն ինչ անել, որ իշխանության մնա, դա դեռ չի նշանակում, որ մնալու է: Ընդամենը օրերի կամ շաբաթների հարց է, և նա շատ դաժան վախճան է ունենալու, այս արյան տակից չի կարողանալու դուրս գալ»,-ասաց նա՝ նշելով նաև, թե այս ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի շուրջ ձևավորվել է մի հանցավոր խումբ, և, ըստ ոստիկանության գնդապետի, սխալ կլինի մեղադրել միայն Նիկոլ Փաշինյանին:
Շիրինյանի դիտարկմամբ՝ իշխանությունները վարկաբեկեցին Արցախյան պատերազմի բոլոր հերոսներին, նախկին նախագահներին, որ կարողանային իրենց հանցավոր մտադրությունները իրականություն դարձնել:
Նրա խոսքով՝ ապիկար իշխանության ձևավորման մեջ իր մեղքի բաժինն ունի նաև հասարակությունը, որը, սակայն, ըստ Շիրինյանի, դեռևս գիտակցության չի եկել, ինչի պատճառներից մեկն էլ ատելության մթնոլորտն է:
Շիրինյանն անդրադարձավ նաև ՀՀ և ԱՀ նախագահների՝ երեկ կայացած հանդիպմանը՝ նշելով, որ դրա ընթացքում եղել է միայն ՀՀ դրոշը, մինչդեռ պետք է լիներ նաև ԱՀ դրոշը. «Սրանից ի՞նչ ենթադրել, որ Արցախն այլևս Հայաստան է, և վե՞րջ, թե՞ որ ուղղակի Արցախ այլևս գոյություն չունի»,-նշեց նա:
Անդրադառնալով Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսին՝ Շիրինյանն ասաց, թե նա խոսել է պատերազմական ժամանակաշրջանի հանցավոր մտադրությունների մասին: Ըստ Շիրինյանի՝ այլ գործիչներ ևս պետք է հետևեն Հակոբյանի օրինակին՝ կատարելով բացահայտումներ:
Շիրինյանը խոսեց նաև Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակի օրվա պատարագի մասին, որին մասնակցել էր Նիկոլ Փաշինյանը: Ըստ բանախոսի՝ եթե վարչապետը մի փոքր աստվածավախ լիներ, խիղճ ու ազնվություն ունենար, չէր հայտնվի այնտեղ, որովհետև, Շիրինյանի խոսքով, Փաշինյանը չուներ դրա բարոյական իրավունք: