Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղ վերադարձողներին տեղափոխող ևս 34 ավտոբուս են ուղեկցել Ստեփանակերտ
Հայաստանից 1400 փախստական է վերադարձել Ստեփանակերտ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով ՌԴ պաշտպանության բանակի հայտարարությունը:
«2020 թվականի նոյեմբերի 22-ին ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականների ավտոբուսների հերթական շարասյունը: Երևանից Ստեփանակերտի հրապարակ է հասել 34 ավտոբուս՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխելով 1400 մարդու»,- ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:
Նշվում է, որ շարասյունն ուղեկցել են ռուս խաղաղապահներն ու զինվորական ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: