ԵՄ-ն Թուրքիայից իրական գործողություններ է ակնկալում. Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ հայտնված սիրիացի գրոհայիններին այնտեղից հեռացնելու մասին
Թուրքիան չպետք է բավարարվի խոսքերով, այլ իրական քայլեր ձեռնարկի, որոնք թույլ կտան բարելավել հարաբերություններն աշխարհի որոշ տարածաշրջաններում և բարենպաստ ազդեցություն կունենան Եվրամիության հետ նրա հարաբերությունների վրա:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման կարծիք այսօր հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: «Ընդհանրապես բավարար չեն այն հայտարարությունները, որոնք վերջին 2-3 օրերին անում է նախագահ Էրդողանը. մեզ իրական գործողություններ են պետք»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ դրանց թվում կան «բավական պարզ գործողություններ, որոնք պետք է ի կատար ածվեն Միջերկրածովյան տարածաշրջանում և Լիբիայում»: «Ինչպես նաև կան պարզ գործողություններ, որոնք պետք է իրագործվեն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,- ընդգծել է Լե Դրիանը՝ մատնանշելով «տարածաշրջանից սիրիացի գրոհայիններին հեռացնելու կարևորությունը, որոնք այնտեղ են հայտնվել Թուրքիայի աջակցությամբ»:
«Մենք շատ տարաձայնություններ ունենք Թուրքիայի հետ»,- շեշտել է դիվանագետը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով «այդ երկրի ընդարձակման ձգտումների» վրա, հատկապես՝ Միջերկրածովյան տարածաշրջանում, որտեղ «Թուրքիան ագրեսիվ գործողություններ է իրականացնում ԵՄ անդամ երկու երկրների դեմ»: