Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ խորհրդարանը կլինի «արդյունավետ եւ բազմակուսակցական»
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով այսօր քվեարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ, հույս է հայտնել, որ խորհրդարանը կլինի «արդյունավետ, գործնական եւ բազմակուսակցական», հաղորդում է Նովոստի Գրուզիան:
«Ես քվեարկել եմ 10-րդ գումարման խորհրդարանի ընտրման համար: Լիահույս եմ, որ խորհրդարանը կլինի արդյունավետ, գործնական եւ բազմակուսակցական: Դա այն է, ինչ որոշել է վրացի ընտրողը՝ քվեարկել 9 կուսակցությունների օգտին: Կարծում եմ, որ բոլորը պետք է հարգեն ընտրողների ցանկությունը: Այս խորհրդարանը շատ կարեւոր է, եւ դրա գործունեությունը շուտով կսկսվի, քանի որ մենք պետք է ընդունենք բյուջեն, որն այս ձմեռ՝ ելնելով պանդեմիայից եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամից, շատ կարեւոր կլինի: Դժվար է պատկերացնել, որ այդ բյուջեն կարող է ընդունվել առանց այդ կուսակցությունների մասնակցության»,-ասել է նա:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլն ընթանում է 17 ընտրատեղամասերում: Ընտրությունները բոյկոտել են ընդդիմադիր կուսակցությունները, որոնք կարծում են, որ հոկտեմբերի 31-ինց կայացած ընտրությունների արդյունքները կեղծվել են:
Վրաստանի ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ 13 ընտրատեղամասերում հաղթել են «Վրացական երազանքի» թեկնածուները: Իշխող կուսակցությունն ամենից շատ ձայներ է ստացել համամասնական ընտրակարգով՝ 48,22%: Երկրորդ արդյունքը պատկանում է «Ազգային շարժում՝ Միասնության ուժ» կոալիցիային՝ 27,18%: «Եվրոպական Վրաստանը» ստացել է 3,79%, «Լելո Վրաստանի համար»՝ 3,16%, «Հայրենասերների դաշինք»՝ 3,14%, «Ռազմավարություն Աղմաշենեբելի»՝ 3,15%, «Գիրչի»՝ 2,89%, «Քաղաքացիներ»՝ 1,33%, Լեյբորիստական կուսակցություն՝ 1%: