«Եթե Թուրքիայի հրահրումն ու քաջալերանքը չլիներ, սեպտեմբերի 27-ին պատերազմ չէր սկսվի»
44 օր տևած պատերազմից հետո Թուրքիայում Հայաստանի դեմ հանրային տրամադրություններ չկան: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
«Հասարակության մոտ որևէ այդպիսի տրամադրություն չկա, բայց կառավարությունը այս շաբաթ խորհրդարանից թույլտվություն ստացավ, որ Ադրբեջան զինվորներ ուղարկի: Խորհրդարանի գրեթե բոլոր կուսակցությունները համաձայնեցին: Բացառություն էր միայն «Ժողովուրդների դեմոկրատական միություն» կուսակցությունը, որի անդամ է Կարո Փայլանը: Այդ կուսակցությունը պատերազմի դեմ հայտարարությունով է հանդես եկել»,- ասաց Էստուկյանը:
Հարցին, թե ինչպիսին է Թուրքիայի հայերի վիճակը, պատերազմից հետո արդյո՞ք որևէ բան փոխվել է, Էստուկյանը պատասխանեց. «Ոչ, այդ հարցում փոփոխություն չկա, սակայն այստեղ գտնվող հայերի շրջանում անհանգստություն կա Փաշինյանի կառավարության ճակատագրի վերաբերյալ, որ նրա դեմ ցույցեր են տեղի ունենում: Անշուշտ, պարտությունը հոգեբանական շատ ծանր ազդեցություն է ունեցել մարդկանց վրա, բայց մարդիկ արդար չեն համարում այդ ամենը՝ Փաշինյանի վզին փաթաթելու երևույթը: Իսկապես, իմ շրջապատում գրեթե բոլորը անհանգստացած են պատերազմում պարտության և դրան հաջորդած անցուդարձի հետ կապված, սակայն այդ ամենի նկատմամբ անտարբեր հայեր էլ շատ կան: Նրանք, ովքեր կապեր ունեն Հայաստանի հետ, այցելել են Հայաստան, շատերը նաև ՀՀ քաղաքացիություն են ստացել, այդ մարդիկ իսկապես մտահոգ են»:
Էստուկյանը նշեց, որ Պոլսո պատրիարքությունը որևէ ձևով չի արձագանքել պատերազմին. «Դրա վերաբերյալ եկեղեցին որևէ մեկնաբանություն չունեցավ»:
Հարցին՝ իր կարծիքով՝ արդյո՞ք Թուրքիան այս ամենի հրահրողներից մեկն էր, Բագրատ Էստուկյանը դրական պատասխան տվեց. «Անշուշտ, եթե Թուրքիայի հրահրումն ու քաջալերանքը չլիներ, սեպտեմբերի 27-ին պատերազմ չէր սկսվի: Դա նախապես ծրագրված գործողություն էր: Դեռևս այս տարվա հուլիսին, երբ Թուրքիան ու Ադրբեջանը միասին Տավուշի մարզի ուղղությամբ ռազմափորձ կատարեցին, այդ ռազմափորձի օրինակով ծրագրվել էր սեպտեմբերի 27-ի հարձակումը»: