Եթե Մովսես Հակոբյանի ասուլիսից հետո քրգործ հարուցվի, քննարկվելու է՝ ինչպես մաքրվել մեղադրանքներից. փաստաբան. Tert.am
Անմիջապես պետք է քրեական գործ հարուցել, Պարոն Հակոբյանը նկարագրում էր մի քանի էպիզոդներով հանցագործություններ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Միհրան Պողոսյանը` անդրադառնալով մամուլի ասուլիսին ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարություններին, որտեղ նա մի շարք մեղադրանքներ է հնչեցրել:
«Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի ունեցած նախաքննությունը պետք է պարզի, թե այդ հանցագործություններն ովքեր են կատարել: Քննության արդյունքում կպարզվի, թե տեղի՞ է ունեցել այդ հանցագործությունը եւ ո՞վ է մեղավոր դրա համար»,- ասել է նա:
Միհրան Պողոսյանը նշել է, որ այս պատերազմում հարցերը բավականին շատ են, եւ այս իրավիճակում երբեւիցե չենք ստանալու պատասխաններ, քանի որ յուրաքանչյուր կողմ յուրաքանչյուր կողմին մեղադրանքներ է հնչեցնում, եւ փորձը ցույց է տալիս, որ որեւէ մեկի մոտ չկա սեփական սխալները ընդունելու այդ ազնվությունը:
«Եթե հարուցվի քրեական գործ եւ դրա առաջ գնալու պայմաններում, իմ կարծիքով, եթե այս իշխանության ժամանակ լինի, քննարկվելու է ընդամենը մեկ հարց` ինչպես մաքրվել այս մեղադրանքներից, այս միջավայրում մենք չենք գիտակցում, որ երկրի կորստի վտանգի առաջ ենք կանգնում»,- ասել է նա։
Փաստաբանը նաեւ նշել է, որ չնայած դրան, շատ հեռու է այն մտքից, որ մեր մեջ չկան իրականում օբյեկտիվ քննություն կատարող քննիչներ, օբյեկտիվ հսկողություն իրականացնող դատախազներ, օբյեկտիվ դատարաններ, որոնք այս հարցերի պատասխանները փաստարկված պետք է ներկայացնեն հանրությանը
«Արդեն ակնհայտ է այդ միտումը, հրապարակումից քիչ անց վարչապետի մամուլի խոսնակը ներկայացնում է անհամատեղելիություն, այստեղից արդեն ուղղորդումը կա, թե սուտ է ասում, այս միջավայրը մեր երկիրը լավ տեղ չի տանելու: Ակնհայտ է, որ այդ արտահայտությունից հետո իրավապահ մարմինները, որոնք գործում են վարչապետի ենթակայության տակ, լծվելու են ընդամենը մեկ գործի` իրականություն դարձնել վարչապետի արդեն հրապարակած հայտարարությունը, թե սուտ է ասում»,- ասել է նա: