Արցախում ռուս խաղաղապահները ուղեկցել են ադրբեջանցի զինծառայողների մեքենաները (տեսանյութ)
Ռուս խաղաղապահները Շուշիից Ֆիզուլի են ուղեկցել ադրբեջանցի զինծառայողների 5 մեքենա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Նոյեմբերի 19-ին Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պարեկները ապահովել են Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հինգ տրանսպորտային միջոցների անվտանգ շարժը Շուշի բնակավայրից դեպի Ֆիզուլի շրջանի տարածք»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։