Հրաժարականի որոշումս կայացրել եմ, երբ վարչապետը կոչ արեց կռվող տղաներին գալ հրապարակ և վնգստացողներին դուրս մղել. ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսը (Տեսանյութ)
Որոշումս վաղուց եմ կայացրել, որ զորացրվեմ բանակից: Դեռ հոկտեմբերի 5-ին, դրա հիմքերը եղել են: Ինչու այն ժամանակ զեկուցագիր չեմ գրել, որովհետև պատերազմի ընթացքում իմ որոշումը վնաս էր հասցնելու Զինված ուժերին, և որոշել եմ սպասել մինչև պատերազմի ավարտը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
«Չնայած այդ ընթացքում որոշումս կայացրել եմ, բայց շարունակել եմ իմ հնարավորության սահմաններում աջակցել բանակին, իմ խորհուրդներով, ինչպես նաև ոչ անմիջական, այլ միջնորդների միջոցով՝ ռազմաքաղաքական իշխանությանը»,-նշեց նա, ապա ներկայացրեց, թե երբ է կայացրել վերջնական որոշումը.
«Որոշումս վերջնական կայացրել եմ ՀՀ վարչապետի՝ գիշերվա հայտարարությունից հետո, երբ կոչ արեց կռվող տղաներին վերադառնալ հրապարակ և «վնգստացողներին» դուրս մղել հրապարակից: Այդ պահին որոշումս կյանքի եմ կոչել և բանակից զորացրվելու զեկուցագիր եմ գրել»,-ասաց նա:
Հակոբյանը նշեց, թե այդ ընթացքում չի խոսել, քանի որ զինվորականներին չի թույլատրվում հարցազրույցներ տալ, ինքն էլ այդ որոշման հեղինակներից մեկն է եղել: «Որոշել եմ հարցազրույց տալ, որովհետև այս բոլոր 44 օրերի ընթացքում ստի տարածումը ոչ թե օգուտ է բերել մեր երկրին, այլ քայքայել է և մեր երկիրը տարել ավելի խորը ճգնաժամի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ չի ցանկանում մեղավորներ փնտրել.
«Երկրի վարչապետը, մեծ թվով իշխանավորներ երկիրը ղեկավարում են ֆեյսբուքյան տիրույթում, փորձել եմ այս միջոցով խոսքս հասցնել հասարակությանն ու ղեկավարությանը. նրանց, ովքեր զբաղվում են երկրի կարևորագույն խնդիրներով»,-հավելեց նա:
Նա հայտարարեց՝ Զինված ուժերում կա ինֆորմացիոն կենտրոն, որի խնդիրներից մեկը հակառակորդին մոլորության մեջ գցելն է: «Բայց կա մի չափանիշ՝ սուտը չպետք է գերազանցի իրականության 30 տոկոսը: Մեր սուտը գերազանցել է 100 տոկոսը, որը որևէ մեկի մոտ ընկալելի չէ: Ինֆորմացիան պետք է տրվի այն չափով, որ համապատասխանի իրականությանը, և 30 տոկոսով դեզինֆորմացիա լինի, որը հակառակորդին կշեղի բուն էությունից: Մենք իրականացրել ենք 100 տոկոսանոց սուտ, և դրանից են ծնվում բոլոր հարցերը»,-հայտարարեց Հակոբյանը:
Նա հայտարարեց նաև, թե հրապարակված հրամանագիրը չի համապատասխանում իր զեկուցագրի էությանը: «Ես նախարարին խնդրել եմ, որ հրամանն արձակի, ինչպես գրված է իմ զեկուցագրի մեջ: Չի համաձայնել, կփորձենք շտկել, եթե ոչ, կբողոքարկենք, և հրամանը կգրվի այնպես, ինչպես գրված է իմ զեկուցագրում: Իսկ զեկուցագրում գրված է ճշմարտությունը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ րեկ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին լուրը մեզ հետ զրույցում հաստատեց գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը. «Հիմա իմ հրամանը կհաստատեն, պատճառների մասին կխոսեմ ասուլիսի ընթացքում»:
Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 24-ի ՀՀ վարչապետի որոշմամբ Մովսես Հակոբյանը ազատվել էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից և նշանակվել գլխավոր ռազմական տեսուչ:
Նախկինում զբաղեցրել է ԼՂՀ պաշտպանության նախարարի, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնները: