Օմեգա-3-ը չի նվազեցնում կրկնակի ինֆարկտի զարգացման ռիսկը. հետազոտություն
Օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուներով կենսաակտիվ հավելումները (ԿԱՀ) չեն նվազեցնում կրկնակի ինֆարկտի, կաթվածի կամ դրանց պատճառով մահվան ռիսկը՝ պարզել են Օսլոյի համալսարանի գիտնականները:
«Նովոստի Mail.ru»-ի հաղորդմամբ՝ նման եզրակացության են եկել գիտնականները 70-82 տարեկան ավելի քան 1000 մարդու մասնակցությամբ հետազոտության արդյունքներով: Բոլոր կամավորները հետազոտությունից առաջ 2 ամսվա ընթացքում սրտամկանի ինֆարկտ են ստացել:
Շատ կամավորներ ստատիններ են կիրառել արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու համար, ինչպես նաեւ արյունը հեղուկացնող միջոցներ: Կամավորներին բաժանել են երկու խմբի, որոնցից մեկը ամեն օր ընդունել է 1,8 գրամ օմեգա-3, իսկ երկրորդ խումբը՝ պլացեբո:
2 տարի անց հասկանալի է դարձել, որ երկու խմբերում ինֆարկտի, կաթվածի, սրտի եւ անոթների վիրահատության, սրտային անբավարարության եւ մահացության վիճակագրության մեջ որեւէ տարբերություն չկա: Ընդհանուր առմամբ, սրտանոթային խախտումների հաճախականությունը կազմել է մոտ 20 տոկոս: Ի դեպ, առաջին խմբում 2 անգամ ավելի հաճախ գրանցվել են թարթող առիթմիայի դրվագներ: