«Կզած ղեկավարը պետք է գնա, ամոթ պատգամավորներին, որ չեն միանում ժողովրդին». բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց
Ինչպես արդեն հայտնել էինք, Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմում, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անում և պահանջում պատգամավորներին միանալ իրենց եւ պահանջել վարչապետի հրաժարականը։
«Մենք դեմ ենք էդ դավաճանական փաստաթղթին»,- պնդում են քաղաքացիները՝ հավելելով, որ իրենք կողմ են՝ «նոր բանակցող, նոր պայմաններ» շրջանառվող թեզին։
«Երկու պետությունների ճակատագիրն այս վիճակին հասցնելուց հետո, երկրի գործող վարչապետը պետք է հեռանա, եւ ոչ միայն նա, այլեւ ամբողջ Կառավարությունը»,- ընդգծեծ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներից մեկը։
ԱԺ ընդունարան մտնելիս, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին քաղաքացիները որոշ հարցեր տվեցին, թե տեղյակ եղե՞լ է, որ հողերը հանձնելու են, ինչին ի պատասխան պատգամավորն ասաց՝ ոչ։ Ցուցարարները նկատեցին, թե վարչապետը նման փաստաթուղթ է ստորագրել, իսկ խորհրդարանը, ինչպես նաեւ ԱԳՆ-ն դրա մասին տեղյակ չե՞ն եղել, Արմեն Խաչատրյանը նշեց․
«Հարգելիներս, ըստ պարզաբանումների՝ օրհասական վիճակ է եղել, ինչի մասին ես էլ եմ ահազագեր ստացել այնտեղի ղեկավարներից, որ մինչեւ այդ իրավիճակը հուսադրող էր, բայց վերջին մի քանի ժամում անհուսադրող տեղեկություններ կային»։
Քաղաքացիները հիշեցրեցին ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի հայտարարությունը, որ հոկտեմբերի 19-20-ին ինքը Ադրբեջանին համոզել է ռազմական գործողությունները դադարեցնել, բայց նրա պարտադիր պայմանը փախստականների վերադարձն էր, այդ թվում նաեւ՝ Շուշի քաղաք, ինչին վարչապետը չի համաձայնել։
«Ինքը պայքարի է գնացել, հարգանքի արժանի որոշում է ինչ-որ տեղ, եթե այդ ժամանակ ինքը համաձայնվեր, էլի չէր ընդունվելու այդ ամենը, չէինք հասկանալու»,- ասաց Արմեն Խաչատրյանը։
Նա հավելեց, թե եռակողմ ստորագրված փաստաթղթի համար Նիկոլ Փաշինյանին չի մեղադրում։