Պարտությունը չի գալիս մեկ օրում․ և հաղթանակը, և պարտությունը նախապատրաստվում են (Տեսանյութ)
44 օր տևած պատերազմից հետո այս օրերին մեղադրանքներ են հնչում, մեղավորներ են որոնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց, որ իրականում այս պատերազմում պարտվել է հայ քաղաքական միտքը, որը չի համապատասխանում 21-րդ դարի պահանջներին:
«Ես նկատի ունեմ պետականաշինության սկզբունքները. ինչ պետություն էր պետք կառուցել: Երկար ժամանակ մեր հանրությունն ապրում էր հեքիաթներով, իհարկե, հեքիաթը, սուտը շատ ավելի հաճելի է լսել, որովհետև այն չի պարտադրում մտածել, իրականում մարդը սկսում է մտածել, երբ նրան ասում են ճշմարտությունը, որքան էլ, որ դառը լինի ճշմարտությունը, այն ենթադրում է որոշակի գործողություններ՝ սթափ գնահատականի պարագայում:
Մենք բազմաթիվ հեքիաթներ էինք հորինում՝ սկսած նրանից, որ մեր բանակը ամենաուժեղն է տարածաշրջանում, հասկանալի է, որ նման բան չէր կարող լինել, պետությունը չի կարող տնտեսապես լինել թույլ, իսկ բանակը՝ ուժեղ, այդպիսի բան ընդհանարպես չի լինում: Բայց հասարակությունը հավատացել էր դրան, որովհետև երևի թե այդպես ավելի հեշտ էր ապրել: Մենք հաճախ ենք մեղադրում, որ մեզ խաբեցին, բայց եկեք ընդունենք, որ մենք ինքներս էինք ուզում խաբվել, այնքան էլ հեշտ չի խաբել նրան, ով խաբվելու ցանկություն չունի, իսկ չխաբվելու համար պետք է պարզապես շատ պարզ իրականությունը տեսնել, ծանոթանալ և հասկանալ, որ ամեն ինչ այդպես չէ:
Երկիրը պետք է զարգանար, ընդ որում՝ 21-րդ դարի պահանջներով: Մենք այս պատերազմի ժամանակ հաճախ լսում էինք, որ մեր թշնամին զինված է 5-րդ սերնդի զենքով, դա միայն զենքը չէր, դա նաև ռազմական միտքն էր, եկեք խոստովանենք, որ մեր զինվորները, զինվորից մինչև բարձրաստիճան զինվորական, հերոսություններ գործեցին այս պատերազմի ընթացքում, ես չգիտեմ որևէ ժողովուրդ կկարողանա՞ 44-45 օր դիմանալ նման ուժի՝ Թուրքիա- Ադրբեջան- ահաբեկիչեր»:
«Յուրաքանչյուրս մեղքի բաժին ունենք… Պարտությունը չի գալիս մեկ օրում, և՛ հաղթանակը, և՛ պարտությունը նախապատրաստվում են»,- նշեց Բաբայանը:
Մանրամասները՝ տեսանյութում: