Այս պարտությունը, կարծեք, սթափեցնող ապտակ լիներ, որ իրավունք չունենք նահանջելու․ մեր ապագա հզոր Հայաստանի կերտումը պետք է սկսվի այսօրվանից. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)
Իմ հայրենակից, այս պարտությունը, կարծեք, ուժեղ հարված և սթափեցնող ապտակ լիներ բոլորիս, որ մենք իրավունք չունենք ընկրկելու և նահանջելու, և մեր ապագա հզոր Հայաստանի կերտումը պետք է սկսվի այսօրվանից: Այս մասին «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հատուկ թողարկմանը ասել է մեկնաբան Աբրահամ Գասպարյանը:
Նա նշել է, որ «սկսում ենք մտավոր ներուժի համախմբման գործընթաց» և հայտնել, որ գործում է ֆեյսբուքյան նոր էջ, և հրավիրում է կամավորներին՝ համատեղ աշխատանքի համար:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Շուշին դժգույն և դժբախտ քաղաք է, Աբրահամ Գասպարյանն ասել է, որ ինքը նման բան չի նկատել:
«Ով Շուշիում գեթ մեկ անգամ ծառ է տնկել և այդ բազմագույն, բազմերանգ քաղաքը տեսել է, չի կարող ասել նման բան: Նույն տրամաբանությամբ ես կարող եմ Հայաստանի ցանկացած քաղաքի վերաբերյալ օրինակ մեջբերել, Երևանի կենտրոնից դուրս, Երևանից դուրս գան, և տեսնենք կենտրոն համարվող քաղաքների կամ մարզկենտրոնների վիճակը, տեսնենք գյուղերի վիճակը և ասենք դժգույն են և խղճուկ, ո՞ւմ է պետք մեզ այդ քաղաքները»,-ասել է նա:
Դիմելով վարչապետին՝ նա ասել է, որ ողնաշարը ջարդած երկրի բնակչին ոչ թե պետք է գցել ոտքերի տակ և մինչև վերջ արնաքամ անել, այլ պետք է հույս տալ, մեսիջ հղել, որ ես այս իշխանությունը չկարողացավ առավել շահավետ վիճակում դուրս գալ պատերազմից։
Դիմելով քաղաքացիներին՝ նա ասել է, որ մեր երկիրը բոլորս միասին պետք է նորից կառուցենք, բանակը վերակառուցենք, մեր ռազմավարությունը, անվտանգությունը ամեն ինչ միասին պետք է կառուցենք՝ չկորցնելով հավատը: