Մենք այս փաստաթուղթը գնահատում ենք որպես ժողովրդի թիկունքում կնքված կապիտուլյացիայի ստորացուցիչ պայմանագիր. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)
Զինադադարի հաստատման եռակողմ հայտարարությունը անընդունելի, բայց կայացած փաստ է, իսկ ստեղծված պայմաններում Ռուսաստանի խաղաղապահների տեղակայումը անհրաժեշտություն։ Մենք այս փաստաթուղթը գնահատում ենք որպես ժողովրդի թիկունքում կնքված կապիտուլյացիայի ստորացուցիչ պայմանագիր։ Այս մասին երեկ՝ նոյեմբերի 16-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Սակայն ամեն ինչ ավարտված չէ, անհրաժեշտ է դիվանագիտական ճանապարհով բանակցությունների միջոցով փորձել ստեղծված իրավիճակում մեր զիջումները հասցնել նվազագույնին։ Առաջին հերթին պետք է առաջիկա բանակցություններում բացառել Արցախի ամրագրումւը Ադրբեջանի կազմում եւ հասնել Արցախի անկախությանը, դրա համար մեզ անհրաժեշտ է բանակցող։ Ձախողած, թուրքի առաջ կզած, ստախոս, անհաջողակ մարդը այլեւս ի վիճակի չէ պաշտպանել հայ ժողովրդի շահերը։ Այս մարդը չի կարող հայ ժողովրդին ներկայացնել մջազգային բեւեռում, եւ պաշտպանել իր ժողովրդի շահերը։ Ինքն այլեւս բանակցություններ վարելու ի վիճակի չէ, նրան զանգում եւ ասում են, թե ինչ անի, որովհետեւ նա թուրքի առաջ կզել է, նա մեզնից խլել է մեր արժանապատվությանը, նա պետք է հեռանա, նա խոչընդոտ է մեր նպատականերն իրականացնելու ճանապարհին»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամը՝ ներկայացնելով քաղաքական տարբեր ուժերի ճանապարհային քարտեզը։
Ըստ նրա՝ կան սահմանադրական այլ լուծումներ, որոնց շնորհիվ էլ Նիկոլ Փաշինյանը կհեռանա իշխանությունից։ Առաջին տարբերակի համաձայն՝ խոսքը Նիկոլ Փաշինյանի ինքնակամ հրաժարական տալու մասին է, իսկ երկրորդ տարբերակով՝ Ազգային ժողովը պետք է ԱԺ արտահերթ նիստ հրավիրի, որի օրակարգում պետք է լինի Հայաստանում ռազմական դրության չեղարկումը, եւ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության մասին հարցը։
«Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո խորհրդարանը պետք է վարչապետ ընտրի, ժողովրդի կողմից վստահելի, պրոֆեսիոնալ մարդկանցով ձեւավորվի ազգային համաձայնության ժամանակավոր Կառավարություն, որն էլ կլուծի երեք խնդիր»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը, ապա թվարկեց այդ խնդիրները․
«Հնարավորինս վերատեսչության ենթարկել զինադադարի հայտարարությամբ նախատեսված համաձայնությունները եւ նվազագույնի հարցնել մեր կորուստները։ Երկրորդ՝ արտահերթ քայլեր ձեռնարկի պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար, անվտանգային, սոցիալ-տնտեսական, առողջապահական, տնտեսական բոլոր հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ։ Եվ երրորդ՝ սեղմ ժամկետներում կազմակերպի ազատ, արդար, հավասար պայմաններով խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում մեր ժողովուրդը կորոշի իր իշխանությանը եւ կձեւավորի նոր իշխանություն»,- հավելեց նա։