COVID-19-ից ապաքինված տղամարդը ստիպված էր վերստին քայլել սովորել
Մեծ Բրիտանիայից 56-ամյա Ալի Սաքալիօղլուն 2020 թվականի մարտին վարակվել էր COVID-19-ով, որից հետո 7 ամիս անցկացրել էր հիվանդանոցում։ Նա նույնիսկ ստիպված էր վերստին քայլել սովորել։
Ալիի մոտ, որը տառապում է 1-ին տիպի շաքարային դիաբետով, կորոնավիրուսային ինֆեկցիայի առաջին ախտանիշները հայտնվել են մարտին, հայտնում է The Daily Mail պարբերականը։ Նա զանգահարել է շտապօգնություն, եւ նրան խորհուրդ են տվել տանն ինքնամեկուսանալ։ Նա այդպես էլ արել է, բայց նրա վիճակը շարունակել է վատթարանալ, իսկ ապրիլի սկզբին նրան հոսպիտալացրել են։
Հիվանդանոցում ստիպված էին նրան միացնել թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Նրա վիճակը ծայրահեղ էր․ տեղի էր ունեցել սրտի նոպա, կաթված եւ թոքերի կոլապս, ինչպես նաեւ զարգացել էր բազմաօրգանային անբավարարություն եւ սեպսիս։ Ինչ-որ ժամանակ անց նրան տեղափոխել են այլ հիվանդանոց, որտեղ կատարել են սրտի վիրահատություն եւ 3 ամսով արհեստական կոմայի մեջ են դրել։
Երբ պացիենտն ուշքի է եկել, նրան տեղափոխել են ծերանոց, որտեղ նա վերստին քայլել է սովորել։ Նա տուն է վերադարձել միայն նոյեմբերի 11-ին՝ 222 օր հիվանդանոցում անցկացնելուց հետո։ Հիմա տղամարդը հույս ունի, որ կկարողանա լիովին վերականգնվել եւ վերադառնալ տաքսիստի աշխատանքին։